Վիգեն Սարգսյանը կարևորում է հայ զինվորականների կրթությունը ՌԴ լավագույն ուսումնական հաստատություններում

Ռուսաստանում ուսում են ստանում 200-ից ավելի հայ զինվորականներ: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Իրականում թիվը 200-ից ավելին է: Տարբեր մակարդակներով են՝ գլխավոր շտաբի ակադեմիայից մինչև պրոֆիլային ուսումնական հաստատություններ ամբողջ Ռուսաստանով: Մենք իրականում շատ շնորհակալ ենք, որ մեր ապագա շատ սպաներ սովորում են Ռուսաստանի լավագույն ռազմական ուսումնական հաստատություններում: Սա համագործակցության շատ կարևոր ձև է»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ գտնվելով Մոսկվայում՝ հանդիպել է հայ կուրսանտների հետ, ովքեր սովորում են ՌԴ ռազմական ուսումնական հաստատություններում: «Մենք շատ բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցանք իրենց ուսման ընթացքի մասին: Նրանք երջանիկ էին, որ կարող էին օգտագործել այդ հնարավորությունը: Եղա Գլխավոր շտաբի ակադեմիայում, պատիվ ունեցա ներկայացնելու մեր արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական մոտեցումները չափազանց ներկայացուցչական ունկնդիրներով լսարանում: Այնտեղ մի քանի հարյուր մարդ կար: Եվ մենք շատ ուրախ ենք, որ նրանց մեջ կան հայ սպաներ: Հատկապես հպարտանում ենք նրանով, որ մեր հայրենակից Մարշալ Բաղրամյանը ղեկավարել է իրականում այս էլիտար ռազմական ուսումնական հաստատությունը»,- նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում