ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակությունն ստորագրել են 2017թ. համագործակցության ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը փետրվարի 22-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր:

Լևոն Այվազյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի Երևանի գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2017թ. համագործակցության ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում