ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի մեկնարկին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված փաստաթղթերը, հայտնաբերված տեխնիկական խնդիրների մասին տեղյակ պահել կո ւսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: «Կոմունիստական կուսակցության ցուցակներում մի շարք թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը կիսատ էին, նրանց տրվել է 48 ժամ թերությունները լրացնելու համար: Կուսակցությունը ժամանակին լրացրել է թերությունները: Թերություններ են եղել նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի երկու թեկնածուի փաստաթղթերում: Նրանց նույնպես տրվել էր 48 ժամ թերությունները շտկելու համար, սակայն նրանք դա ժամանակին չեն արել»,- նշեց Մուկուչյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 23 համար անկուսակացական Վլադիմիր Առաքելյանի և 127 համար «Համախմբում» կուսակցությունից Սամվել Մելիքյանի թենածության գրանցումը մերժվեց:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ համապետական ցուցակներում ընդգրկված էր 1538 թեկնածու: Մինչև ցուցակների գրանցումը չորս թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մեկ թեկնածու մահացել է, երկու թեկնածուի գրանցում մերժվել է: Նա տեղեկացրեց, որ որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքացի:

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում