Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս մեկ կորստի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն` Ահմեդով Էլվին Սուլեյմանօղլուն ծանր վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը` նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ուշագրավ է, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը տարածելիս փորձել են կոծկել կատարվածը` հայտնելով, թե զինվորը մահացու վիրավորվել է փետրվարի 28-ին:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել էր հարձակման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել էր զոհեր և վիրավորներ:

Ադրբեջանցի 5 զինվորների դիակները մնացել էին չեզոք գոտում: Ադրբեջանական կողմը դիակները վերցրել է փետրվարի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում