ԱՄՆ-ի արդարադատության նախարարը պնդում է, որ ՌԴ-ի ներկայացուցիչների հետ չի քննարկել ամերիկյան ընտրությունները

ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ չի քննարկել անցյալ տարվա նոյեմբերին կայացած ամերիկյան նախագահական ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դա ընդգծված է գրավոր հայտարարության մեջ, որը Սեշնսը հրապարակել է՝ անցյալ տարվա հուլիսին եւ սեպտեմբերին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կայացած իր երկու հանդիպումների վերաբերյալ The Washington Post թերթի հրապարակած տեղեկությունների առն չությամբ: Հանրապետական Սեշնսն այն ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամ էր Ալաբամայի նահանգից: 

Նախարարի խոսքով՝ ինքը «երբեք չի հանդիպել ռուսաստանցի որեւէ պաշտոնատար անձի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի ընտրարշավի հարցերը: «Ես որեւէ պատկերացում չունեմ, թե ինչ նպատակ են հետապնդում ներկայիս մեղադրանքները: Դրանք անհիմն են»,– ընդգծել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայիս ղեկավարը:

Նախօրյակին Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահանջել է Սեշնսի պաշտոնաթողությունը: Նրա խոսքով՝ նա ստել է Կոնգրեսում երդում տալիս՝ հայտարարելով, թե ռուս պաշտոնատար անձանց հետ չի շփվել նախագահական արշավի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալութունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում