Գերմանիայի կառավարությունն անհեթեթ է համարել Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտն արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որում Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր գերմանական կողմից նացիստական պահվածք դրսևորելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, Զայբերտը «հորինված» և «անտեղի» է համարել նման հայտարարությունները:

«Նացիստական համեմատությունները միշտ անհեթեթ են և անտեղի»,- հայտարարել է Զայբերտը: Ասելով, որ գերմանական կառավարությունը մշտապես մեծ կարևորություն է տվել Թուրքիայի հետ հարաբերություններին` խոսնակն այդուհանդերձ ընդգծել է, որ «ներկայիս օրերում խորը տարաձայնություններ կան»:

Նա հերթական անգամ հորդորել է թուրքական կողմին ազատ արձակել գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում