Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է անում զինվորներին հետ քաշել թուրքական ռազմաբազայից

Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է անում զինվորներին հետ քաշել թուրքական ռազմաբազայից

Գերմանացի քաղաքական գործիչները դաշնային կառավարությանը կոչ են արել խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Սահրա Վագենկնեհթը պահանջել է հետ քաշել Ինջիրլիքում գերմանացի զինվորներին, ինչպես նաև դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային:

Կանաչների կուսակցության պատգամավոր Մարի Լուիզ Բեքը, ի պատասխան թուրքական կողմից հնչեցվող մեղադրանքների` առաջարկել է Էրդողանից հետ վերցնել 2005 թվականին շնորհված «Բարեկամության մրցանակը»:

Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նկատի ունենալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունների լարվածությունը, առաջարկել է, որ Եվրամիությունն ընդհանուր ռազմավարություն մշակի` կապված թուրք պետական գործիչների կողմից կազմակերպվող միջոցառումների հետ:

Գերմանիայի ներգաղթի, փախստականների և ինտեգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ Էրդողանն իրենց ճգնաժամի մեջ ներքաշի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում