Դինքի ընկերները կրկին հավաքվել են արդարադատության պալատի առջև

Դինքի ընկերները կրկին հավաքվել են արդարադատության պալատի առջև

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մարտի 13-ին տեղի է ունենում հերթական դատական նիստը: Դատական նիստից առաջ Դինքի ընկերները կրկին հավաքվել են Ստամբուլի արդարադատության պալատի առջև: Նրանց շարքում է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գ արո Փայլանը:

Դինքի ընկերների անունից հայտարարությամբ է հանդես եկել Բյուլենթ Այդընը, ով ընդգծել է, որ սպանությունից տասը տարի անց էլ դեռևս հեռու են կատարվածի իրական պատասխանատուներին հայտնաբերելուց:

«Դատական գործում եղան պահեր, երբ մոտեցանք ճշմարտությանը, սակայն դատը դեռևս շարունակվում է պասիվ շրջանակների շուրջ»,– նշել է նա` ընդգծելով, որ առաջիկա դատական նիստերի ժամանակ խոսելու են գործի վկաները:

«Ինչպես և պահանջում են Դինքի ընտանիքի փաստաբանները, մենք ակնկալում ենք, որ դատվեն նրանք, ովքեր իրենց ազդեցությունն են ունեցել հանցագործության կատարման գործում, սակայն դեռևս չեն դատապարտվել: Պահանջում ենք դա Հրանտի համար, արդարության համար»,- ասել է Այդընը` նշելով, որ իրենք շարունակելու են արդարություն պահանջել, քանի դեռ իրական մեղավորները չեն պատժվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում