Արցախում բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը

Արցախում անցկացված բլոգերների միջազգային ֆորումի ավարտից հետո մասնակիցները մարտի 21-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մենք՝ Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցներս, կարևորելով մարդու հիմնարար իրավունքների, հատկապես արտահայտման ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների իրացումն ու պաշտպանությունը, շեշտելով այդ հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը, հաշվի առնելով տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի դերակատարությունն անաչառ տեղեկատվության տրամադրման գործում, լիակատար աջակցություն հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին՝ համոզմունք ենք հայտնում, որ ցանկացած իշխանության քայլերը՝ ուղղված տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների ազատ արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքների սահմանափակմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման համար հետապնդումների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներ են, դատապարտում ենք արտահայտման և տեղաշարժման ազատությունների հանդեպ բոլոր ոտնձգությունները և սահմանափակումները, փաստում ենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող այս միջազգային ֆորումը լավագույն պատասխանն է արտահայտման ու տեղաշարժման ազատություններ ի սահմանափակման և ոտնահարման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերին, հավաստիացնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը հաստատակամ է՝ ներդրում ունենալու մարդու հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև խաղաղության քարոզման գործում»:

Ստեփանակերտում մարտի 19-ից 21-ը կազմակերպված միջազգային ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել պրեզենտացիաներ, քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի և մի շարք այլ վայրեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը: Ֆորումի գլխավոր թեմաներն էին հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 30 բլոգեր 11 երկրից, մասնավորապես՝ Անտոն Նոսսիկը (Ռուսաստան), Անտոն Մեռկուրովը (Ռուսաստան), Ալեքսանդր Ալիմովը (Լատվիա), Տարիկ Հաֆեդը (Ալժիր), Ռոմայն Միելքարեկը (Ֆրանսիա), Գիլադ Հալպերրնը (Իսրաել), Ալեքսանդր Հոյշըկը (Բելառուս), Իրինա Կովալչուկը (Ուկրաինա), Լուչիանո Տիրինանցին (Իտալիա), Պետրուշկա Շուշտրովան (Չեխիա) և շուրջ 20 մասնակից Հայաստանի և Արցախի հանրապետություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում