Ինքնաթիռով Էլեկտրոնիկայի փոխադրման ԱՄՆ-ի արգելքը կապված է «Ալ Քաիդայի» հետ. CNN

Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից տասը խոշոր միջազգային օդանավակայաններից ԱՄՆ մեկնող ուղեւորների նկատմամբ ինքնաթիռների սալոն Էլեկտրոնային սարքեր տանելու արգելքի սահմանման պատճառ է դարձել այն աճող սպառնալիքը, որը բխում է «Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական կազմակերպությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN հեռուստաընկերությունը: 

Հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի հետախուզությունը վերջին շաբաթներին ստացել է տեղեկատվություն, որի համաձայն «Ալ Քաիդայի» զինյալներն էապես բարելավել են պայթուցիկ նյութերի քողարկման իրենց ունակությունները: Մասնավորապես, նրանք սովորել են շատ ավելի աննկատ, քան նախկինում, թաքցնել ինքնաշեն ռումբերն ինչպես տարբեր Էլեկտրոնային սարքերի եւ գաջեթների կուտակիչներում, այնպես էլ այդ սարքերի մարտկոցների հատվածամասերում, նշում է CNN-ը:

Հետախուզական տվյալները նաեւ վկայում են, որ ահաբեկչական խմբավորումները, ներառյալ «Արաբական թերակղզում «Ալ Քաիդան» «շարունակում են որպես իրենց թիրախներ դիտել առեւտրային ավիացիայի ինքնաթիռները», ասել է ԱՄՆ-ի իշխանական կառույցներում հեռուստաալիքի աղբյուրը, որը ծանոթ է իրադրությանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները Եգիպտոսի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, Մարոկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի տասը խոշոր միջազգային օդանավակայաններից ԱՄՆ մեկնող ուղեւորներին արեգելել են ինքնաթիռների սալոն տանել բջջային հեռախոսից ավելի մեծ չափերով էլեկտրոնային սարքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում