Բուլղարիայի նախագահն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, իբր Բուլղարիայում ճնշումներ են իրականացվում ծագումով թուրք քաղաքացիների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Dikaen լրատվական գործակալությունը:

«Մի կողմից խոսում եք ժողովրդավարությունից, մյուս կողմից ճնշում ծագումով թուրք քաղաքացիներին այդպես չի լինի»,-դիմելով Բուլղարիային` ասել էր Էրդողանը:

Բուլղարիայի նախագահ Ռադևը պատասխանելով Էրդողանի հայտարարությանը ասել է. «Բուլղարիան ժողովրդավարության դասեր չի տալիս, բայց միևնույն ժամանակ դասեր էլ չի վերցնում այն երկրներից, որտեղ հարգանք չկա օրենքի նկատմամբ: Բուլղարիան ոչ թե ուրիշների զգացմունքներին այլ սեփական օրենքներին հետևող Եվրոպական երկիր է»:

Բուլղարիայի իշխանությունները մարտի 17-ին ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:

Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն էր հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում էր միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ էր արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:

Մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ԴՈՍՏ կուսակցությունը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին: Թուրքիայի ղեկավարները կոչ էին արել ձայներ տալ հենց այս կուսակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում