ԵՄ-ն շատ հարցերում կարող է զբաղեցնել Վաշինգտոնի տեղը. Մոգերինի

ԵՄ-ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այն կարծիքին է, որ ԵՄ-ն ստեղծված իրավիճակում կարող է առաջատար դեր ստանձնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնն այն կորցրել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Messaggero թերթին տված հարցազրույցում:

«Հավաստելով միասնությունը պահպանելու ցանկությունը՝ մենք պսակազերծեցինք մեր գործընկերների այն կասկածները, որ ԵՄ-ն մնում է, եւ ոչ ոք չի կարող նրան վնասել ոչ դրսից, ոչ ներսից: Օբյեկտիվորեն՝ ԵՄ-ն հնարավորություն ունի առաջատար տեղ զբաղեցնել եւ միջազգային բազմաթիվ ոլորտների առաջատարը դառնալ նրանցից շատերի համար, ովքեր կորցրել են նման առաջնորդի տեսլականը ի դեմս Վաշինգտոնի: Խոսքը վերաբերում է ե՛ւ բազմաբեւեռությանը, ե՛ւ առեւտրին, ե՛ւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, հակամարտային իրավիճակների լուծման հարցում համագործակցության տիպիկ եվրոպական մոդելի առաջխաղացմանը: Այժմ շատերն են ասում՝ «նախ՝ Ամերիկան», մենք նույնպես ասում ենք՝ «նախ Եվրոպան», բայց մեր շահերը գործում են համագործակցության եւ գործընկերության հարաբերությունների սխեմայով, մենք երբեք չենք լինի «ինքնամեկուսացված Եվրոպա»,– ասել է Մոգերինին:

Նրա կարծիքով՝ անցումային շրջանը, որն ապրում է ԱՄՆ-ի քաղաքականությունը, ԵՄ-ին ընդարձակ հնարավորություններ է առաջարկում միջազգային առեւտրում, դիվանագիտության մեջ, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ճապոնիայի եւ Չինաստանի հետ հարաբերություններում: «Դա բացառիկ հնարավորություն է, բայց միայն եթե մենք պահպանենք միասնությունը»,-եզրակացրել է Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում