ԱՄՆ-ն չի փոխել դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Հոգլանդ

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահի վարչակազմի փոփոխությունից հետո չի փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Մարտի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը:

«Այո, մենք ունենք նոր վարչակազմ Վաշինգտոնում, բայց հավաստիացնում եմ, որ մեր քաղաքականությունը մնում է անփոփոխ: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որպեսզի խաղաղ լուծում գտնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հոգլանդը:

Նա հավելեց, որ շատ սերտ աշխատում է ֆրանսիացի և ռուս համանախագահների հետ: «Մենք միասին ժամերով նստում, խոսում ենք բոլոր մանրամասների, մանր հարցերի մասին: Մեր միջև սուր տարաձայնություններ չկան, նույնը վերաբերվում է մեր երկրների իշխանություններին: Անգամ եթե որոշ այլ հարցերում մեր երկրները կարող են ունենալ տարաձայնություններ, սա այն հարցն է, որի շուրջ մենք միասին շատ լավ կարողանում ենք աշխատել»,– եզրափակեց Հոգլանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում