Մեյը գործարկեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ստորագրել է այն նամակը, որով Եվրամիության իշխանություններին ծանուցվում է ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Ծանուցագիրը Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուի կողմից Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին կհանձնվի մարտի 29-ին տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին): Միաժամանակ Մեյը Բրյուսելին ծանուցման մասին պետք է իրազեկի բրիտանական խորհրդարանին:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները երաշխավորում են երկրում ապրող Եվրամիության քաղաքացիների իրավունքները: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասված է Մեյի ճառում, որով նա մարտի 29-ին հանդես Է գալու խորհրդարանում, դրանից քաղվածքներ են հրապարակել ԶԼՄ-ները:

«Երբ ես հաջորդ ամիսներին նստեմ բանակցությունների սեղանի շուրջ, կներկայացնեմ բոլոր նրանց շահերը, ովքեր ապրում են Բրիտանիայում՝ պատանիների ու տարեցների, հարուստների ու աղքատների, քաղաքացիների ու գյուղացիների շահերը եւ, իհարկե, ԵՄ-ի այն քաղաքացիների, որոնց համար մեր երկիրը տուն է դարձել»,- նշելու է Մեյը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում