Գուտերիշը կարեւորել է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շատ կարեւոր է, բայց այն լիակատար հաջողություն չի ունենա առանց այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Հորդանանում ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 28-րդ գագաթնաժողովի բացմանը: 

«Բոլորը հասկանում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ այդ պայքարը հաջողություն չի ունենա առանց քաղաքական կարգավորման»,-ասել է նա:

Քսանութերորդ արաբական գագաթնաժողովն անցկացվում է Հորդանանում կազմակերպության անդամ 18 պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այն ամենաներկայացուցչականներից մեկն է դարձել վերջին տարիների ընթացքում: Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար Եմենում, սակայն այս երկրի իշխանությունները ներքին բարդ իրադրության պատճառով հրաժարվեցին միջոցառման անցկացումից:

Արաբական պետությունների լիգան միավորում է 21 երկրների եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ): Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում,- հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում