Պետդեպն ամերիկացիներին նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի քաղաքացիները նախազգուշացված են աճող այն սպառնալիքների մասին, որոնք բխում են Թուրքիայում գործող ահաբեկչական խմբավորումներից: Ստեղծված պայմանններում հարկ Է կշռադատել Թուրքիա ուղեւորվելու անհրաժեշտությունը, բացի այդ, խուսափեք Թուրքիայի հարավ-արեւելք ուղեւորություններից՝ պահպանվող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Դրանում նաեւ ընդգծվում է, որ Ստամբուլում ապրող կամ այդ քաղաք այցելող ԱՄՆ-ի իշխանությունների բլոր ներկայացուցիչներին ու նրանց ընտանիքների անդամներին արգելված է ճամփորդել մեծ խմբերով, ինչպես նաեւ այցելել մարդկանց կուտակումների վայրեր ու հայտնի տեսարժան վայրեր:

«Մարտի վերջին եւ ապրիլի սկզբին Թուրքիայում սպասվում են բազմաթիվելույթներ ու հանրահավաքներ, որոնցից շատերը քաղաքական բնույթ են կրում: Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ խուսափել ցույցերի ու հանրահավաքների անցկացման վայրերից, անկախ դրանց բնույթից, կապված այդ միջոցառումների ընթացքում բռնության հնարավոր դրսեւորումների հետ»,- նշվում է Պետդեպի մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում