Այսօր ցավով ու հպարտությամբ եմ արթնացել. Մովսես Հակոբյան

Այսօր ցավով ու հպարտությամբ եմ արթնացել: Ցավով, որ չկարողացանք կանխել և զոհեր ունեցանք, բայց նաև հպարտությամբ, որ այսօրվա սերունդը կարողացավ ապացուցել, որ ինքը տերն է այս երկրի, և առաքելությունը, որ պետք է կատարի մեր երկրի պաշտպանության համար, կատարել է պատվով»,-այսօր Եռաբլուրում ապրիլյան պատերազմի զոհերի, Մոնթեի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը, գրում է panorama.am-ը։

Հարցին, թե ապրիլից հետո ինչ է փոխվել, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, որ շատ բան է փոխվել մեկ տարվա ընթացքում. «Առաջինը՝ իրավիճակի գնահատումը, հակառակորդի գործողությունների բացահայտումը և դրան ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»:

Մովսես Հակոբյանի խոսքերով՝ այսօր հասարակության մեջ փոխվել է այն մտավախությունը, որ միայն ավագ սերունդը կարող է հաղթել. «Այսօրվա սերունդն ավելի լավ է կատարում իր պարտականությունը, քան մենք ենք կատարել»:
Մովսես Հակոբյանը նաև ասաց, որ Ադրբեջանը սկսած 1988 թվականից, երբևէ չի փորձել չհոխորտալ. «Նրանց քաղաքական ղեկավարությունը միշտ սպառնում է Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, բայց ի պատիվ մեր ժողովրդի, շնորհիվ այն տղաների, ովքեր Եռաբլուրում են, երբևիցե դա հակառակորդին չի հաջողվել ու կարծում եմ, որ հետագայում էլ չի հաջողվի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում