Հայաստանն Արցախին երկու ամսում 8.8 մլրդ դրամի միջպետական վարկ է տրամադրել

Հայաստանն Արցախին երկու ամսում 8.8 մլրդ դրամի միջպետական վարկ է տրամադրել

Հայաստանի Հանրապետությունը 2017թ. հունվար-փետրվարին Արցախին 8.8 մլրդ դրամի (եռամսյակային ծրագրի 66.2%-ը) միջպետական վարկ է տրամադրել: Ըստ ՀՀ ֆինանսների նախարության հրապարակած տվյալների:

Վրաստանի կողմից ՀՀ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով ստացվել է 140.7 մլն դրամ՝ ապահովելով եռամսյակային ծրագրի 100%-ը: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով հունվար-փետրվարի ընթացքում տրամադրվել է 646.3 մլն դրամ՝ կազմելով առաջին եռամսյակում ծրագրված ցուցանիշի 35.1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 1.6 մլրդ դրամով համալրվել է արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցների մնացորդը՝ առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 4.6 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագրի վերաբերյալ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ արտաքին ֆինանսական զուտ ակտիվները եռամսյակային ծրագրով նախատեսված 10.4 մլրդ դրամի դիմաց հունվար-փետրվարին կազմել են -10.9 մլրդ դրամ (եռամսյակային ծրագրի 104.8%-ը):

Հետևեք մեզ նաև Telegram-ում