Ֆիյոնը խոստացել է սառը պատերազմ թույլ չտալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ

Ֆիյոնը խոստացել է սառը պատերազմ թույլ չտալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ

«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարեւորում է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է “Europe-1” ռադիոկայանի եթերում: 

Նրա խոսքով Ֆրանսիան պետք է անկախ քաղաքականություն վարի: «Դառնալով նախագահ՝ ես մտադիր չեմ նոր սառը պատերազմ թույլ տալ աշխարհում ամենախոշոր միջուկային զինանոցներն ունեցող երկրների, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Ֆրանսիան, վարելով անկախ քաղաքականություն, պետք է իր ձայնը բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ առաջադրի այնպիսի նախաձեռնություններ, որոնք թույլ կտան խուսափել պատերազմից, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այսօր աչքի է ընկնում անկանխատեսելիությամբ, հետեւաբար այն վտանգավոր է: Այն վտանգ է ներկայացնում խաղաղության գո րծի համար, քանի որ անթույլատրելի է ամենուրեք իրականացնել ռազմական միջամտություններ՝ ղեկավարվելով սոսկ հույզերի պոռթկմամբ, ինչպես այժմ դա անում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,- ընդգծել է Ֆիյոնը:

Պատասխանելով Թուրքիայում կայացած հանրաքվեի վերաբերյալ հարցին՝ Ֆիյոնը նշել է, թե «անհրաժեշտ է, որ Ֆրանսիան եւ Եվրոպան գործեն ԱՄՆ-ից անկախ»: «Օգտակար չեմ համարում այն, որ Դոնալդ Թրամփը հապճեպորեն Թայիփ Էրդողանին շնորհավորեց հաղթանակի առթիվ այն դեպքում, երբ այդ քաղաքական գործիչը ոտնահարում է ժողովրդավարությունն իր երկրում: Թրամփը հ աճախ հանկարծակիորեն եւ անկանխատեսելիորեն փոխում Է դիրքորոշումները, եւ դա մեկ անգամ եւս մատնանշում է, որ Ֆրանսիան պետք Է անկախ քաղաքականություն վարի»,– հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում