Նոր սահմանադրությունը Էրդողանի միանձնյա իշխանությունն օրինականացնելու նախագիծ է. թուրքագետ

Նոր սահմանադրությունը Էրդողանի միանձնյա իշխանությունն օրինականացնելու նախագիծ է. թուրքագետ

Սահմանադրական փոփոխություններին Թուրքիայում կողմ են քվեարկել ցածր կրթական մակարդակ ունեցող ընտրողները: Նոր սահմանադրությամբ՝ Էրդողանը սահմանափակում է խորհրդարանի իրավունքները: Մի շարք կարևոր պաշտոնների նշանակումներ կենտրոնանում են իր ձեռքում, պետբյուջեն տնօրինում է անձամբ՝ օրինականացնելով իր միանձնյա իշխանությունը: Այս մասին ապրիլ ի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Սահմանադրական փոփոխություններին Թուրքիայում 58 մլն ընտրողների 51,4 տոկոսը կողմ է քվեարկել: Հօգուտ փոփոխությունների քվեարկել են երկրի կենտրոնական, արևելյան, Սև ծովի առափնյա շրջանների բնակիչները: Իսկ Ստամբուլում Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Էգեյան և Միջերկրական ծովի քաղաքներում, որտեղ բնակչության կրթական մակարդակն ավելի բարձր է, դեմ են քվեարկել: Կրթության ցածր մակարդակ ունեցող քաղաքների, օրինակ` Ուրֆայի, բնակիչները 90 տոկոս դրական ձայն են տվել»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով՝ նոր սահմանադրությամբ Էրդողանը խիստ սահմանափակում է խորհրդարանի իրավունքները: Սահմանադրական դատարանի անդամներին, Գերագույն դատարանի, կառավարության անդամներին ևս ինքն է նշանակում: Վերացնում է Ազգային անվտանգության խորհուրդը, Գերագույն ռազմական խորհուրդը: Վարչապետի պաշտոնը դադարում է գործել: Կառավարության անդամները պատասխանատու են ոչ թե խորհրդարանի, այլ իր` նախագահի առջև: Պետբյուջեն տնօրինում է անձամբ: «Այսինքն՝ Էրդողանը դառնում է միապետ: 2014 թվականին, երբ ընտրվեց նախագահ, արդեն իսկ ուներ միանձնյա ղեկավարություն, այս հանրաքվեով օրինականացրեց այն»:

Թուրքագետի խոսքով՝ ընտրակեղծիքներ եղել են հատկապես հարավարևելյան քրդաբնակ շրջաններում, որտեղ դեռ երկու տարի առաջ թուրքական զինված ուժերը պատժիչ գործողություններ են իրականացրել: «Այնտեղ, քանի որ ոչ միայն արտակարգ, այլև ռազմական դրություն է, զինվորները ժողովրդին սպառնացել են: Ձայները հաշվելու ժամանակ այլ կուսակցությունների ներկայացուցիչները դուրս են հրավիրվել: ԵԱՀԿ դիտորդները ևս դուրս էին հրավիրվել և գնացել Ուրֆա: Հայտնվել են առանց կնիքի ծրարներ: Խոսակցություն կա, որ շուրջ 2,5 մլն «այո» կասկածելի են: Իսկ միջազգային դիտորդների կարծիքով՝ քարոզարշավի մասնակիցներն հավասար պայմաններում չէին: Մեկն օգտվում էր պետական ուղղաթիռներից, հազարավոր ծառայողական մեքենաներից, պետության գումարներից, իսկ մյուսը՝ ոչնչից»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի խոսքով՝ ընդդիմությունն առարկում էր հատկապես երկու հոդվածների համար: Դրանցից մեկի համաձայն՝ նախագահն իրավունք ունի խորհրդարանը ցրելու: Ըստ մյուսի՝ նախագահը միաժամանակ կուսակցության գլխավոր քարտուղարն է, նաև իրավունք ունի ստեղծելու նոր վարչական շրջաններ: Ինչը, շատերի կարծիքով, երկիրը կտանի մասնատման: Սակայն թուրքագետի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ճիշտ չեն իրականացրել քարոզչությունը: Ժողովրդահանրապետական կուսակցությունը շեշտը դրել էր միայն Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության վրա: Հանրահավաքներում Էրդողանը տարբեր քաղաքնե ր գնալիս բացատրում էր, թե իշխանությունն այդ քաղաքի համար ինչ է արել: Այնինչ ժողովրդահանրապետական կուսակցությունն ընդամենը բացականչում էր, որ իրենք Մուստաֆա Քեմալի զինվորներն են:

Որքան էլ ժողովրդահանրապետական կամ այլ կուսակցություններ պահանջեն, արդյունքները չեղյալ չեն համարվի: Չի բացառվում, որ այս հանրաքվեն Էրդողանի միանձնյա իշխանությունը օրինականացնելու արևմտյան նախագիծ է,-եզրափակեց Հակոբ Չաքրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում