Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Սենատին եւ մտադիր է «վերջապես լուծել» ԿԺԴՀ-ի խնդիրը

ԱՄՆ-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար: Դրանից ոչ շատ առաջ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «վերջապես լուծել» ԿԺԴՀ-ի հիմնախնդիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Արտակարգ խորհրդակցությանը, որը կկայանա ապրիլի 26-ին Սպիտակ տանը, կմասնակցեն Սենատի բոլոր 100 անդամները (Կոնգրեսի վերին պալատում յուրաքանչյուր նահանգ ունի երկուական ներկայացուցիչ), ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը քանիցս աճող անհանգստություն է հայտնել Փենյանի կողմից հրթիռային եւ միջուկային փորձարկումների անցկացման առիթով, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես հենց ԱՄՆ-ի, այնպես էլ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում