Վենետիկում որոշել են սահմանափակել քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը

Վենետիկի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել հատուկ սարքեր տեղադրել մեծաթիվ զբոսաշրջիկներին հաշվելու համար, որոնք ամեն օր ժամանում են քաղաք, որը Վենետիկյան ծովալճակի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Համապատասխան որոշումն ապրիլի 27-ի երեկոյան ընդունել է Վենետիկի ջունտան (վարչական գործադիր մարմինը): Եթե տվյալ որոշումը հավանության արժանանա Իտալիայի կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ապա արդեն մոտ ժամանակներս մի շարք ռազմավարական կետերում, որոնցով քաղաք են մտնում զբոսաշրջիկները, կհայտնվեն ավտոմատ հաշվիչներ: Խոսքն այն մասին է, որ այդ կերպ ստացված տվյալների հիման վրա սահմանափակվի հին քաղաք ժամանողների թվաքանակը:

«Մենք կարողացանք մշակել մի ամբողջ շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են զբոսաշրջիկների հոսքերի կարգավորմանը»,– լրագրողներին ասել է Վենետիկի քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն:

Բացի այդ, նա խոստացել է միջազգային տեղեկատվական արշավ սկսել՝ նպատակ ունենալով բազմաթիվ զբոսաշրջիկներին պարզաբանել այն իրադրության առանձնահատկությունը, որը վերջին ժամանակներս ստեղծվել է քաղաքում, որն այլեւս չի դիմանում այցելուների հսկայական հոսքին:

Անցյալ տարվա մարտին Զատկի տոներին միաժամանակ Վենետիկ էր ժամանել 300 հազար մարդ, ինչը քաղաքի բնակչության թվականակից (270 հազարից պակաս) ավելի է:
Քաղաքային իշխանությունների ռազմավարության շրջանակներում, մասնավորապես, վաղօրոք կհրապարակվեն կոնկրետ այն ամսաթվերը, երբ քաղաքում առավելագույն թվով եկվորներ են սպասվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում