ԵԽԽՎ-ն Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար կփոխի կանոնակարգը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի վեհաժողովի կանոնակարգը և կնախատեսվի հատուկ դրույթ` Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նա գրել է, որ Պեդրո Ագրամունտն ընտրել է մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը՝ ապրիլի 28-ի առավոտյան չներկայանալով ԵԽԽՎ բյուրոյի նիստին և չներկայացնելով իր հրաժարականը, ինչպես խոստացել էր:

«Ստեղծված իրավիճակում, ԵԽԽՎ Բյուրոն ստիպված էր կայացնել նրան դե ֆակտո իմփիչմենթի ենթարկելու ստորացուցիչ և աննախադեպ որոշում:

Ի դեպ, Բյուրոյում այդ որոշմանը կողմ են արտահայտվել բոլոր պատգամավորները՝ քսանյոթ, իսկ ձեռնպահ են քվեարկել երեք պատգամավոր՝ Իսպանիայից և Ադրբեջանից: Որպես ստեղծված ամոթալի իրավիճակի իրավական հանգուցալուծում՝ հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի ԵԽԽՎ կանոնակարգը և կնախատեսվի հատուկ դրույթ՝ Պեդրո Ագրամունտին արդեն դե յուրե հեռացնելու ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, եթե, իհարկե, մինչ այդ նա շարունակի հայտնի կենդանու համառությամբ չներկայացնել իր հրաժարականը»,– գրել է Սամվել Ֆարմանյանը:

Նա հավելել է, որ մայիսին Պրահայում տեղի կունենա ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստ՝ քննարկելու այս խայտառակ ու աննախադեպ իրավիճակը: Իսկ ԵԺԿ-ն հատուկ նիստ կհրավիրի Բրյուսելում՝ քննարկելու Պեդրո Ագրամունտի ամոթալի վարքագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում