Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 28-ին Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,-նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում