Մակրոնը շահել է նախընտրական հեռուստաբանավեճը Ֆրանսիայում

Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցման տվյալներին, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել է Elabe հետազոտական ինստիտուտը, նա առավելության է հասել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, լե Պենին՝ 34 տոկոսը: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել Է նշել հաղթողին: Մակրոնը հաղթանակ է տարել նաեւ Figaro թերթի կայքում անցկացված հարցման ընթացքում՝ ապահովելով ձայների 64 տոկոսը՝ 36 տոկոսի դիմաց:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների՝ ապրիլի 23-ին կայացած առաջին փուլում Մակրոնը հավաքել է ձայների 24,01 տոկոսը, լե Պենը՝ 21,3 տոկոսը: Երկրորդ փուլը նշանակված է մայիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում