Ֆրանսիայում ընտրությունների անվտանգությունը կապահովեն 50 հազար ոստիկաններ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն 50 հազար ոստիկաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV-ն:

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալների համաձայն, մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման համար կուղարկվեն իրավապահ մարմինների 12 հազար աշխատակիցներ: Նրանցից 5 հազարը հերթապահելու են հենց ընտրատեղամասերում դրանց աշխատանքի ժամերին, ինչպես նաեւ փակվելուց հետո՝ ձայների հաշվման ընթացքում:

Ինչպես նշում են հատուկ ծառայություններում, պարեկները կտեղաբաշխվեն այնպես, որ հնարավորություն ունենան մի քանի րոպեում միջադեպի վայր ժամանել Փարիզի ցանկացած կետում:

Բացի այդ, լրացուցիչ կարգախմբեր կուղարկվեն նախագահի թեկնածուների ընտրական շտաբների հսկողության համար:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում