Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավոր կարող են զրկվել անձեռնմխելիությունից

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավոր կարող են զրկվել անձեռնմխելիությունից

Թուրքիայի Վան նահանգի գլխավոր դատախազությունը պատրաստել է մեղադրական նոր զեկույց, որում պահանջում է զրկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բեդիա Օզգյոքչե Էրթանին և Դիրայեթ Թաշդեմիրին պատգամավորական անձեռնմխելիությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Դատախազությունը նրանց մեղադրում է Վանում տարբեր միջոցառումների ժամանակ ունեցած ելույթներում «հանցանքն ու հանցագործին գովաբանելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու» մեջ:

Պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու նպատակով մեղադրականն ուղարկվել է արդարադատության նախարարություն, որտեղից էլ այն պետք է ներկայացվի մեջլիսի նախագահությանը:

Ներկայում կալանքի տակ է քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում