Հայկական գյուղերը չպետք է միավորվեն եզդիական գյուղերի հետ. Ազիզ Թամոյան

Հայկական գյուղերը չպետք է միավորվեն եզդիական գյուղերի հետ. Ազիզ Թամոյան

Հայաստանում ազգային փոքրամասնություն եզդիները համայնքների խոշորացման ծրագրում լուրջ խնդիր են տեսնում։

«Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը, խոսելով Հայաստանում համայնքների խոշորացման մասին, ասաց, որ իրենց միության արտահերթ նիստում քննարկել են այդ հարցը։

«Մենք բաց նամակ ենք ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս հարցը ոչ միայն վերաբերում է եզդիներին, այլև բոլոր հայերին։ Մենք նիստի ընթացքում քննարկել ենք հ ամայնքների խոշորացման հետ կապված խնդիրները»,- նշեց Թամոյանը։

Նրա խոսքով համայնքների խոշորացման դեպքում հատկապես կարող են տուժել եզդիաբնակ գյուղերը։ Թամոյանն ընդգծեց, որ առանց այդ էլ եզդիաբնակ գյուղերը կիսադատարկ են, և, եթե դրանք միավորվեն հայկական այլ գյուղերի հետ, ապա կանտեսվեն շատ սովորույթներ և առանձնահատկություններ։ Հենց դա էլ կնպաստի եզդիական գյուղերի ավելի շատ դատարկմանը։

«Արագածոտնի մարզի 20 գյուղերում եզդիները կոմպակտ ապրում են։ Մենք առաջարկում ենք համայնքների խոշորացման դեպքում միավորել միմիայն եզդիաբնակ գյուղերը մեկ վարչական տարածքում։ Մենք կարծում ենք, որ գոնե այդ դեպքում եզդիները չեն լքի առանց այն էլ դատարկվող գյուղերը ու կպահպանեն իրենց սովորությունները։ Եզդիական գյուղերը հայկական գյուղերի հետ միավորելը հակասում է ժողովրդավարությանը, մեր ժողովրդի, ինչպես նաև պետական շահերին։ Եզդիների 60-70 տոկոսը հեռացել է Հայաստանից»,- ընդգծեց «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում