Հայաստանի որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ

Հայաստանի որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ

Առողջապահության նախարարությունը նոյեմբեր-դեկտեմբերին տեղայնացնելու եւ ներդնելու է 200 ուղեցույց, որոնք նախեւառաջ ուղղված են լինելու մարզերում առողջապահության մակարդակի բարձրացմանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Գիտեք, որ ակտիվ աշխատում ենք կլինիկական ուղեցույցների եւ պրոտոկոլների ներդրման ուղղությամբ: Սա մի նախագիծ է, որը նախատեսված է առաջիկա 5 տարվա համար, որովհետեւ ուղեցույցների քանակը ընդհանուր մոտ 1000 է, իսկ Հայաստանի ներուժով տարեկան կկարողանանք ներթարգմանել, տեղայնացնել եւ ներդնել մոտ 200 ուղեցույց: Մենք որոշեցինք՝ որպեսզի մարզային առողջապահության մակարդակը երեւանյան առողջապահության մակարդակին հասցնենք, պետք է նախեւառաջ տեղայնացնել այն ուղեցույցները, որոնք կարեւոր են մարզային առողջապահության համար»,-ընդգծեց նախարարը:

Առողջապահության նախարարության առաջիկա ծրագրերը ներառում են նաեւ կառուցվածքային բարեփոխումներ, որոնք ենթադրում են մի քանի բուժհաստատությունների միավորում:

«Որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման եւ առողջապահության որակը: Կվերազինվեն որոշ հիվանդանոցներ, որոշը ուղղակի կվերանան, դրանց փոխարեն մենք կվերապատրաստենք մեր բուժաշխատողերին եւ կզարգացնենք դրա դիմաց պալիատիվ բուժօգնությունը եւ ինտերնատները մեծահասակների համար: Ընդ որում, սա ուղղված է լինելու ոչ միայն ներքին շուկան հագեցնելու նոր ծառայություններով, այլեւ զարգացնելու բժշկական տուրիզմը»,-ներկայացրեց Լեւոն Ալթունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում