Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացավ բնակարանի գնման վկայագիր

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացավ բնակարանի գնման վկայագիր

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացավ բնակարանի գնման վկայագիր: 29 տարի տնակներում ապրելուց հետո սա վերջապես հնարավորություն է սեփական քարից տունը կամ բնակարանն ունենալու: Ծրագրի այս փուլով, որն ընդհանուր ներառում է 83 շահառու ընտանիք, պետությունը Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների խնդիրը լուծված է համարում: 

Ծրագիրը ավարտելու ու շահառու ճանաչված վերջին ընտանիքներին «Բնակարանի գնման վկայագիր» տալու համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 546 մլն դրամ գումար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 83 ընտանիքից 18-ը գնելու է 1 սենյականոց, 53-ը՝ 2 և 12-ը՝ 3 սենյականոց բնակարան: Վկայագրի արժեքը կախված է սենյակների քանակից. 1 սենյակի շահառուներին տրամադրվում է 4 մլն 923 հազար դրամ, 2 սենյականոց՝ 6 մլն 17 հազար և 3 սենյակի շահառուներին՝ 7 մլն 111 հազար դրամ գումար:

Շահառուները վկայագրով հնարավորություն ունեն բնակարան ձեռքբերելու հանրապետության տարբեր մարզերում և ԼՂՀ-ում:

Բնակարանի գնման վկայագիր պետական ծրագիրը, որի նպատակը Գյումրիում անօթևանության խնդրի լուծումն է, նպաստում է նաև քաղաքում մեկ այլ՝ քաղաքը տնակներից ազատելու խնդրի լուծմանը: Ըստ ծրագրի՝ բնակիչը, առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի միայն 60 տոկոսը: Գումարի մնացած՝ 40 տոկոսը, տրվում է, երբ ընտանիքները ներկայացնեն տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ:

Սրանով թեև այս փուլի շահառու ճանաչված անօթևան ընտանիքների խնդիրը կլուծվի, սակայն Գյումրիում այսքանով անօթևանների խնդիրը լուծված չի կարող համարվել: Սեփական բնակելի տներ կորցրած 98 ընտանիք չի օգտվում այս ծրագրից: Նրանք դեռևս մնում են անոթաբանության ցուցակում:

Դեռևս լուծված չէ նաև մարզի 19 գյուղական համայնքների 119 անօթևան ընտանիքների խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում