Իրանագետը Հայաստանի համար շահեկան է համարում Հասան Ռոուհանիի վերընտրվելը

Իրանում կայացած նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի վերընտրվելու փաստը Հայաստանի համար շահեկան է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը մայիսի 22-ին լրագրողներին ասաց, որ նախագահի փոփոխության պարագայում նոր կառավարություն պետք է լիներ, որը կրկին պետք է հստակեցներ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, հաստատված ծրագրերը և այլն:

«Իրանում ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստան-Իրան համատեղ որոշումները կյանքի կոչվելու մեծ հեռանկար ունեն: Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վերընտրվելը ձեռնտու է Հայաստանի համար ժամանակային առումով: Եթե նոր նախագահ ընտրվեր, պետք է ձևավորվեր նոր կառավարություն, ճշգրտվեր ուղեգիծը: Գործող և վերընտրված նախագահ Ռոուհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի, կանխատեսելի, Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ, հաջողություններ գրանցած անձ է: Սակայն պետք է նաև նշեմ, որ Իրանի քաղաքական օրակարգը փոփոխվելու է: Ռոուհանին, թեև հսկայական թվով ձայներ հավաքեց՝ ավելին քան նախորդ ընտրություններում, միևնույն է՝ իրանցիների ակնկալիքներն աճել են՝ կապված երկրի ազատականացման, տնտեսական հաջողությունների հետ»,- նշեց Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ նախագահ Ռոուհանիի վարչակարգը արտաքին քաղաքական օրակարգի գրեթե բոլոր կետերը կատարել է՝ մերձավորարևելյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներն այսօր առանց Իրանի որևէ խնդրի կարդինալ լուծում չեն տալիս:

Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ Իրանն այս ընտրություններով ավելի ամրապնդեց իր դիրքերն աշխարհում, քանի որ կարողացավ ընտրություններին ապահովել բարձր մասնակցություն: Իրանը շարունակելու է գործել Սիրիայում, ազդեցություն կունենա Արաբական թերակղզում, Աֆղանստանում և այլն:

Իրանագետը նկատեց, որ մի քանի ոլորտներում Հայաստանն ու Իրանն ակնհայտորեն արդեն հաջողություններ են գրանցել։

«Հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն էներգետիկ ոլորտն է, որը հաջողությամբ զարգանում է։ Բայց մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են՝ հաղորդակցության ուղիներ, ճանապարհների խնդիրներ։ Անձամբ Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը, որպես կարևորագույն հանգուցային երկիր։ Մենք հնարավորինս արագ պետք է իրականացնենք այդ հաղորդակցության ուղիների առաջին բաղադրիչը՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին»,- ընդգծեց Ոսկանյանը։

Այս պահին հայկական կողմը պետք է օրակարգից դուրս չթողնի հայ-իրանական երկաթուղու խնդիրը։

«Շատ կարևոր եմ համարում Իրանի հետ եռակողմ, քառակողմ ձևաչափերով գործակցության ձևավորումը՝ ընդգրկելով մի կողմից Վրաստանին, որոշ պարագաներում՝ Ռուսաստանին, Թուրքմենստանին և այլն: Մեր երկիրն ու Իրանը բանակցում են Հայաստան-Իրան-Թուրքմենստան գազային համաձայնագրի շուրջ: Մենք Վրաստանի հետ կրկին բանակցում ենք նման եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, այստեղ որոշակի առաջընթաց է գրանցվել: Կարևոր է արագ իրականացնել նաև Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Մենք ունենք հսկայական պոտենցիալ, որը պետք է առաջիկա տարիներին մեկը մյուսի հետևից իրացնենք: Իրանական կողմը պատրաստակամ է այդ ծրագրերի իրականացման համար համագործակցել մեզ հետ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում