Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործարարների և ներդրողների շահերի պաշտպանության նպատակով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպման շրջանակներում Հայաստանում Իրանի արտակա րգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը խնդրեց ՀՀ գյուղնախարարին` ստեղծել աշխատանքային խումբ, որը կապի մեջ կլինի Իրանի դեսպանատան հետ և դրա միջոցով հնարավոր կլինի աջակցել իրանցի և հայ ներդրողներին:

«Այսօր նկատեցի, որ իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանով և ներկա են գտնվում նախարարների հանդիպմանը: Եթե դյուրացնենք բոլոր պայմանները և խնդիրները երկու երկրների գործարարների համար, ապա այն կնպաստի, որպեսզի հետագայում ավելի շատ գործարարներ Հայաստան այցելեն և իրենց գործունեությունն այստեղ ծավալեն: Այդպիսով կկարողանանք երկուստեք զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները»,– ասաց դեսպանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին իրենց աջակցությունը հայտնեցին աշխատանքային խմբի ստեղծմանը:

«Անպայման կստեղծենք աշխատանքային խումբը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում