Բրիտանիան պատմության մեջ երրորդ անգամ ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է սահմանում

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ ամփոփելով COBRA արտակարգ կառավարական կոմիտեի երեկոյան նիստի արդյունքները:

«Անցկացվող հետաքննության հիման վրա փորձագետները եկան այն եզրակացության, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը պետք է լրջից բարձրացվի մինչեւ կրիտիկական»,- ասել է Մեյը:

Նա նախազգուշացրել է, որ երկրում նոր ահաբեկչություն կարող է կատարվել ցանկացած պահի: «Դա նշանակում Է ոչ միայն այն, գրոհը շատ հավանական է, այլեւ այն, որ հաջորդ հարձակումը կարող է անխուսափելի լինել»,- նշել է կառավարության ղեկավարը:

Մեյը հայտնել է, որ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հետաքննությունը չի բացառել, որ ահաբեկչության հետեւում կարող են կանգնած լինել մի խումբ անձինք:

Մինչ այդ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը (ցուցանիշը սահմանվել է 2006 թվականին) Մեծ Բրիտանիայում բարձրացվել է ընդամենը երկու անգամ՝ 2006 եւ 2007 թվականներին: 2014 թվականից այն պահվում էր հինգբալանոց սանդղակի նախավերջին մակարդակի վրա:

Մեյի խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացումը, մասնավորապես, նշանակում է, որ զինված ոստիկանները, որոնք պահպանում են ենթակառուցվածքի կենսականորեն կարեւոր օբյեկտները, կստանան զինվորականների օժանդակությունը:

Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում