Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո, սակայն, երկու երկրի ղեկավարները հրաժարվել են որևէ հայտարարությամբ հանդես գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայ տնում է գերմանական Deustche Welle-ն:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը հայտնել է, որ գագաթնաժողովի շրջանակում Մերկելն ու Էրդողանը քննարկել են «երկու երկրի միջև անհանգստություն առաջացնող հարցեր»: Նա տեղեկացրել է նաև, որ Մերկելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևոր նախապայման է գերմանացի պատգամավորների կողմից գերմանացի զինվորներին արվող այցելությունը:

Բացի այդ, Մերկելը պահանջել է Թուրքիայից Գերմանիայի քաղաքացիներին վերաբերվել՝ համաձայն իրավական պետության սկզբունքների: Մասնավորապես, նա հորդորել է ազատ արձակել գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:

Զայբերտը չի հստակեցրել՝ արդյոք կողմերը Ինջիրլիքի ռազմաբազայի հարցում գրանցել են որևէ առաջընթաց:

Հանդիպումից առաջ արած հայտարարության մեջ Մերկելը հայտարարել էր, որ եթե թուրքական կողմը թույլ չտա պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, ապա իրենք զինվորներին դուրս կբերեն այդտեղից: «Քանի որ բանակը խորհրդարանինն է, կարևոր պայման է Գերմանիայի դաշնային խորհրդարանի անդամների կողմից զինվորներին այցելելը: Այս մասին պատրաստվում եմ բացեիբաց ասել Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի մեր զինվորներին դուրս բերել Ինջիրլիքից»,– ասել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում