«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը Ադրբեջանում իշխանությունների կողմից խոսքի ազատության նկատմամբ իրականացվող հարձակումների պատճառով սուր քննադատության է ենթարկել այդ երկրի քաղաքական վերնախավին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտի հայտարարության մեջ հատկապես անդրադարձ է կատարվել ընդդիմադիր լրագրող Նիջաթ Ամիրասլանովի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, ադրբեջանական անկախ ինտերնետային հեռուստատեսության ղեկավար Ազիզ Օրուջովի ձերբակալությանը և Թբիլիսիում առևանգված ու Բաքու տեղափոխված, ապա ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին:

Ինստիտուտը խստորեն քննադատել է այս ձերբակալությունները՝ նշելով, որ դրանք կատարվում են միմիայն այդ երկրում խոսքի ազատությունը ճնշելու և Ալիևյան ընտանիքի ու նրա մերձավոր շրջապատի դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով:

«Ադրբեջանի իշխանությունները որոշ ժամանակ առաջ մի քանի հայտնի իրավապաշտպանների և լրագրողների ազատ արձակելով ցանկանում են միջազգային հանրությանը և ինստիտուտներին վստահեցնել, թե իբր վերջ է տրվել ընդդիմադիր և այլախոխ անձանց նկատմամբ հետապնդումներին և ճնշումներին: Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Վերջին շրջանում սկսված անօրինական ձերբակալություններն ու հետապնդումները գալիս են փաստելու, որ ոչինչ չի փոխվել, և ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց սև գործը»,-նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըին առևանգման միջոցով Ադրբեջան բերելն ու ձերբակալելը ամբողջովին արտացոլում է ազատ արտահայտվողների և քննադատների նկատմամբ իշխանությունների բռնապետական գործելաոճը:

Հաշվի առնելով Ադրբեջանում ստեղծված այս ծայրահեղ իրավիճակը՝ «Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը Եվրոպական Միությանը և ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ իրականացվող բոլոր համագործակցային ծրագրերը և քայլեր ձեռնարկել անընդհատ սպառնալիքի տակ գտնվող քաղաքացիական հասարակության ինստիտուտների իսպառ վերացումը կանխելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում