Մեր հայտարարությունները եղել են հասցեական. Իգոր Պոպով

Մեր հայտարարությունները եղել են հասցեական. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվող հայտարարությունները միտված են կանխելու սահմանային լարվածությունը: Այս մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Ստեփանակերում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:

«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է Պոպովը:

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անդրադարձել է հանդիմանը քննարկած թեմաներին՝ նշելով, որ կողմերը խոսել են ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի շուրջ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների եւ միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ:

Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում