Եվրամիությունում մեկ տարում ապաստան ստանալու շուրջ 1,3 մլն խնդրագիր է տրվել

Եվրամիությունում մեկ տարում ապաստան ստանալու շուրջ 1,3 մլն խնդրագիր է տրվել

2016 թվականին Եվրամիության (ԵՄ) 28 երկրներում գրանցվել է ապաստանի ստացման 1,29 միլիոն խնդրագիր: Հունիսի 12-ին այս մասին հայտնել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անցյալ տարի Եվրամիության երկրներում ստացվել է ապաստանի տրամադրման 1 մլն 291 հազար 785 խնդրագիր: Դրանցից 1 մլն 235 հազար 355-ը սկզբնական խնդրագրերն են»,- նշել է գործակալությունը:

Ապաստանի տրամադրման սկզբնական խնդրագրերը միգրանտների կողմից սովորաբար տրվում են Եվրոպայում իրենց գտնվելու առաջին ամսին, այսպիսով 1,23 միլիոնն այն թիվն է, որն առավել ստույգ է բնորոշում ԵՄ-ի երկրներ ժամանած անօրինական միգրանտների քանակը, որոնք ձգտում են օրինական կարգավիճակ ունենալ Եվրամիությունում:

Կրկնական խնդրագրերը սովորաբար միգրացիոն ծառայությունների քննարկման են տրվում սկզբնական խնդրագրի մերժումից հետո: Մերժումից հետո իր գործի վերանայման հասնելու համար միգրանտը պետք է ներկայացնի նոր տվյալներ, որոնք հաստատեն, որ իրեն հայրենիքում ֆիզիկական վտանգ է սպառնում իր քաղաքական կամ կրոնական հայացքների, կամ սեռական կողմնորոշման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում