Բուլղարիայի փոխվարչապետն ընդգծել է Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը

Բուլղարիայի փոխվարչապետն ընդգծել է Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հունիսի 12-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետի տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության հարցերով տեղակալ Վալերի Սիմեոնովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը դեսպան Սարգսյանը շնորհավորել է Վալերի Սիմեոնովին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու պաշտոնում:

Քննարկվել են երկկողմ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սարգսյանը փոխվարչապետին համառոտ ներկայացրել է հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավոր ուղղությունները՝ ընդգծելով տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղմթերքի վերամշակման ոլորտները: Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները՝ կոչ անելով Բուլղարիայի կառավարությանն աջակցել այն ընկերություններին, որոնք ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում: Որպես համագործակցության հնարավոր ոլորտ նշվել է նաև հանքային ջրերի արտադրության և դրանց հիման վրա վերականգնողական և բուժական հաստատությունների ու հանգստյան տների կառուցման, ինչպես նաև համատեղ շահագործման հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ բնագավառում բուլղարական կողմի մեծ փորձը:

Փոխվարչապետին տրամադրվել են նյութեր Հայաստանի գործարար միջավայրի, տնտեսական ազատ գոտիների և ներդրումային բազմազան ծրագրերի վերաբերյալ՝ շահագրգիռ մարմիններին և ընկերություններին փոխանցելու խնդրանքով։

Փոխվարչապետ Սիմեոնովը կարևորել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս հարցում առկա մեծ ներուժի օգտագործումը: Զբոսաշրջության զարգացման նպատակով փոխվարչապետն ընդգծել է Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապի հաստատման և երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև երկու երկրներում փոխադարձ ճանաչելիության բարձրացման անհրաժեշտությունը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքներ և մարզեր հաստատել են բարեկամական կապեր, սակայն անհրաժեշտություն է առաջանում ակտիվացնելու այդ համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով նպաստել այդ հարաբերությունների աշխուժացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում