ՀՀ-ն և Տաջիկստանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կհամակարգեն արտաքին քաղաքականությունը

ՀՀ-ն և Տաջիկստանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կհամակարգեն արտաքին քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում անվտանգության, կայունության ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը միտված համատեղ համաձայնեցված գործողություններ իրականացնելու նպատակով:

Այս մասին ասվում է Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած բանակցությունների արդյունքներով ընդունված երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս արագ և բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Նախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, որն արտահայտվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում: Կողմերը ողջունում են միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ստացած միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կառուցողական ջանքերը:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նշանակությունը՝ անդամ պետությունների անվտանգության ապահովման գործում, և ակտիվորեն կհամագործակցեն նշյալ կազմակերպության շրջանակներում նախատեսված փոխադարձ պարտավորությունների իրականացման ուղղությամբ:
Կողմերը ջանքեր կգործադրեն Անկախ պետությունների համագործակցությունը ժամանակակից իրողություններին հարմարեցնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում