Վերսկսվել են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու պատերի մաքրման աշխատանքները

Վերսկսվել են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու պատերի մաքրման աշխատանքները

Վերսկսվել են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու («Կարմիր վանք») պատերի մաքրման աշխատանքները: Աշխատանքներն իրականացնում են որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ Քրիստին Լամուղեն և ճարտարապետ Արա Զարյանը: Նրանք արդեն հինգերորդ տարին է աշխատում են այս եկեղեցում:

Ուսումնասիրությունից հետո մաքրվել են «Սբ Գևորգ» և «Սբ Սարգիս» որմնանկարները, ապա խորանը և «Եզեկիել մարգարեի առաջին տեսիլք»-ի պատկերագրությունը: Որմնանկարները մաքրելուց, ամրակայելուց և պահպանական ամրագրումից հետո, մեկնարկեց եկեղեցու մնացած պատերի մաքրման աշխատանքը: Եկեղեցու որմնանկարներն այսօր մաքրված ու ամրակայված են:
2016 թվականին մաքրվել է եկեղեցու հիմնական հատվածը, իսկ այս տարվա համար ծրագրված են եկեղեցու արևմտյան հատվածի մաքրման աշխատանքները և պատերի ներքևի հատվածը, ինչը բավական դժվար է՝ հաշվի առնելով այն է, որ սա հենց այն հատվածն է, որն հիմնականում պարաֆինապատ է: «70 տարում շատ քչերին է հաջողվել ուսումնասիրել որմնանկարները: Փաստորեն, այս ասպարեզը նոր է, և մեր նպատակն է ի հայտ բերել պահպանված բեկորները և ուսումնասիրելու տալ ոլորտի մասնագետներին՝ գնահատելու համար այն հարստությունը, ինչ կա: Երբ ուսումնասիրում ես այս եկեղեցին, պարզ է դառնում, որ այն նախագծվել է իսկական հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններով, սակայն ավելի ուշ պատերը ծեփապատվել են, և իրականացվել է որմնանկարչություն: Այս ժամանակի շատ եկեղեցիներ պատերի վրա կրում են այդ ծեփի և որմնանկարների հետքերը: Այսինքն՝ այդ շրջանի հայկական եկեղեցիներն ունեցել են որմնանկարներ, որոնք կատարվել են եկեղեցու կառուցումից անմիջապես հետո»,-նշեց Քրիստին Լամուղեն: Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Ելնելով նրա ճարտարապետական տեսքից՝ այն թվագրվում է 6-րդ դարի վերջով և 7-րդ դարի սկզբով, որմնանկարները ևս ստեղծվել են նույն ժամանակահատվածում: Եկեղեցու ճարտարապետն ու նկարիչն աշխատել են համակարգված: Փաստացի արձանագրություններով՝ եկեղեցին վերագրում են 10-13-րդ դարերին, բայց ճարտարապետական տեսքը, հատակագծային լուծումը, ինչպես նաև եկեղեցու ներսում հարավային և հյուսիսային պատերի 2 որմնագիր հավասարաթև խաչերը, քիվերն ու լուսապսակները ենթադրել են տալիս, որ այս եկեղեցին պատկանում է 7-րդ դարին: Բացի այդ կա «Եզեկիել մարգարեի առաջին տեսիլք»-ի պատկերագրությունը, իսկ այդ թեմայով նկարազարդումները վերաբերում են 7-րդ դարին:

«Այս եկեղեցին ունի մոտ 1300 տարվա պատմություն, Եկեղեցու որմնանկարի վնասված հատվածը եկեղեցու պատմությունն է: Կարծում եմ, հանցագործություն կլինի, եթե մի նկարիչ գա ու ասի, որ ինքը կվերականգնի, ասենք, Քրիստոսի դեմքի վնասված հատվածը, քանի որ պատկերացում չունենք, թե ինչպիսին է եղել այդ հատվածը մինչև վնասվելը՝ երիտասարդ Քրիստոսի, թե՞ արդեն հասուն Քրիստոսի պատկերն է եղել, ուրեմն ի՞նչ իրավունքով մենք կարող ենք ասել, թե կվերականգնենք վնասված հատվածը: Մենք իրավունք ունենք միայն պահպանել, մեր նպատակն է պահպանել ու չթողնել, որ վնասվի»,- նշեց Քրիստին Լամուղեն՝ անդրադառնալով որմնանկարների վնասված հատվածների վերականգնման անհրաժեշտությանը: Յուրահատուկ ճարտարապետական ոճ և լուծումներ ունեցող միախորան, միագմբեթ խաչաձև եկեղեցին վեցերորդ դարի երկրորդ կեսի-յոթերորդ դարի կառույց է: Մեծ արժեք ներկայացնող որմնանկարը և եկեղեցու զարդաքանդակներով պատերը երկար տարիների մոմավառության հետևանքով «թաքնված» են եղել մոմի ու մրի տակ: «Այստեղ ամեն ինչն է յուրահատուկ, օրինակ՝ դուռն առանցքի վրա չէ, շեղված է, պատուհաններն այլ չափի ու ձևի են»,-նշում է Արա Զարյանը: Ըստ վարպետների՝ եկեղեցին սկզբում եղել է նախշազարդ, ապա նախշազարդի վրա ծեփապատվել է և նոր որմնանկար է արվել:

Թեև պատմությունից շատ բան հայտնի չէ վանքի մասին, սակայն հստակ է, որ այն եղել է վանական համալիր՝ իր խցերով:13-րդ դարից վանքը լքվել է: Եկեղեցին կրկին սկսել է գործել միայն 21-րդ դարում՝ 2009 թվականին մնայուն քահանայով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնությամբ: Այսօր Լմբատավանքն ունի հավատացյալների մեծ հոսք, ինչի մասին վկայում է մկրտությունների մեծ թիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում