Արցախի ԱԳ նախարարը Բելգիայի Սենատի անդամի հետ քննարկել համագործակցության ընդլայնումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին, ով Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները՝ հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում