Պաշտպանության նախարարը կարևորում է հանրության աջակցությունն ամառային զորակոչի արդար անցկացման համար

ՀՀ պաշտպանության նախարարության համար կարևոր է ամառային զորակոչի արդար և արդյունավետ անցկացումը: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Խնդրում եմ մեր հանրությանը շատ հետևողական լինել զորակոչի ընթացքին: Կարծում եմ՝ ոչ պակաս կարևոր է քաղաքացիական հանրության ներգրավումը դրա արդար անցկացման գործում: Եթե հայտնի են զորակոչի հետ կապված խախտումներ, ապա ուրախ կլինենք իմանալ դրանք, տեղեկացրեք մեր թեժ գծի միջոցով: Ամեն ինչ անելու ենք, որ գործընթացն անցի թափանցիկ և արդար»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հուլիսի 1-ին անձամբ է այցելելու կենտրոնական հավաքակայան՝ հետևելու զորակոչի ընթացքին:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Նախատեսվում է 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում