Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն առաջարկում է խորհրդարանի եւ քաղհասարակության, փորձագիտական կառույցների միջեւ ձեւավորել ավելի ակտիվ համագործակցություն:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեծանում է որակյալ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը, իսկ որակյալ դիրքորոշում ունենալու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանի հիմնական ուժերը՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, ունենան հիմնավորված, գիտականորեն հղկված, քաղաքական, քաղաքացիական տեսանկյունից անթերի դիրքորոշում, որոնք կարողանան առաջ մղել միջազգային ասպարեզում: Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, այն հասարակական կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու երկրի իմիջը, ունենան խորհրդարանական ուժերի հետ համագործակցելու հարթակ»,-«լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Առաջարկությունների ցանկում փորձագետը առանձնացրեց նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովներին կից փորձագիտական ֆորումի ստեղծումը, որն ըստ նրա՝ էապես կնպաստի հանձնաժողովների աշխատանքին:

«Կարծում եմ՝ նաեւ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովը կարող է նախորդ գումարման խորհրդարանի հաջող փորձն օգտագործել եւ հայ-ռուսական խորհրդարանականների համատեղ տարեկան նիստ հրավիրել»,-եզրափակեց Արամ Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում