Բացահայտելով այն, ինչը վնասակար է առողջությանը. կասկածելի սննդամթերքի հետքերով գնացողները

Չմաքսազերծված ապրանքներից մինչև աղտոտված պտուղ-բանջարեղեն

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա-վերլուծական կենտրոնում պարապ մարդ գտնելը դժվար է: Նրանք կամ սննդամթերքի շուկայում մոնիթորինգ են անում, կամ լաբորատոր փորձաքննության ենթարկում կասկածելի սննդամթերքը կամ էլ ի մի են բերում ստացված արդյունքները` համեմատելու համար նախորդ տարիների ցուցանիշների հետ: Կենտրոնի ուսումնասիրման առարկա հանդիսացող ոլորտում` սննդամթերքի շուկայում, խնդիրներն այնքան շատ են, որ ոչ թե հանգստի, այլ ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ են մտածում: Կենտրոնի ստեղծման պահից` 2012թ. այն ղեկավարող երիտասարդ գիտնական Դավիթ Պիպոյանը, սակայն, չի դժգոհում` մարդկային կապիտալը կա, եվրոպական ծրագրերն ու դրամաշնորհներն էլ օգնում են`անելու այն, ինչ չեն կարող պետբյուջեից ստացվող սուղ միջոցներով անել: «Որպես կանոն`ուսումնասիրության համար ամեն տարի` ըստ առաջնահերթության, ընտրվում է մեկ ոլորտ, ասենք` կաթնամթերքի, մսամթերքի կամ այլ: Բայց, լինելով սննդի անվտագության ոլորտի հետազոտողներ, երբեք չենք սահմանափակվում տարեկան ծրագրով, միջազգային դրամաշնորհերի միջոցով այլ ոլորտներ էլ ենք ներառում: Այսինքն` եթե հասարակությանը որևէ խնդիր հուզում է, չենք կարող ասել` գիտեք, դա մեր ծրագրի մաս չի կազմում: Ամենաթարմ օրինակը, թերևս, ադրբեջանական ծագման խնձորների հետ կապված թեման է: Այդ օրերին մենք թուրքական լոլիկի մոնիթորինգ էինք իրականացնում և երբ ահազանգեցինք, որ շուկայում թուրքական լոլիկ է վաճառվում, պատկան մարմինները հերքեցին` ասելով, որ դրանք ոչնչացված են, իսկ արկղերի առկայությունը դեռևս ոչինչ չի ասում: Հենց նույն օրը մեզ զանգեցին լրատվամիջոցներից և խնդրեցին` իրենց ուղեկցել այնտեղ, որտեղ թուրքական լոլիկ էինք հայտնաբերել: Այդ ժամանակ հայտնաբերեցինք նաև ադրբեջանական ծագման խնձորներ: Այդ խնձորները, բնականաբար, փորձաքննության ենթարկեցինք և պարզվեց, որ օրվա ընթացքում կես խնձոր (150 գր.) ընդունելու դեպքում կարող է մարդու առողջությանը վտանգ սպառնալ` պայմանավորված նրանում պարունակվող արգելված թունաքիմիկատով»,-ասում է Դավիթ Պիպոյանը:

Նախքան թուրքական լոլիկից ու ադրբեջանական խնձորներից սպասվող ռիսկերի գնահատումը, կենտրոնի մասնագետները զբաղված էին հանքարդյուհանման շրջաններում աճեցվող մթերքների ուսումնասիրությամբ: Դավիթ Պիպոյանի խոսքով` դա ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության հեռահար ռիսկերի գնահատման առաջին փորձն էր, որի արդյունքներն ընդհանրացնելը բավականին բարդ է. « Այդ ծրագիրը սկսել ենք 2013-ին և ավարտել այս տարի: Երբ առաջին տարում ամփոփում էինք կատարված աշխատանքը, ամենաաղտոտված սննդամթերքը կանաչեղենն էր: Երկրորդ տարում, երբ գնահատում էինք կարճաժամկետ ռիսկերը, պարզվեց, որ լոբին ավելի բարձր ռիսկային է, քան կանաչին: Բայց եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ լոբին կլոր տարին չի օգտագործվում, արդեն ավելի բարձր ռիսկային տեղում է հայտնվում կարտոֆիլը, քանի որ այն տարվա ընթացքում ամենաերկարատև օգտագործնող սննդամթերքն է»:

Բարձր ռիսկային գոտիների ցածր ռիսկային մթերքները

Սա` ընդհանուր առմամբ, իսկ ավելի կոնկրետ, սննդի անվտանգության մասնագետը դժվարանում է ներկայացնել, պատճառը` արդյունահանման գոտիներում յուրաքանչյուր կիլոմետրի վրա փոփոխվող պատկերն է. «Տարբեր սննդամթերքների մոտ տարբեր է ծանր մետաղների կլանողությունը: Կախված նրանից, թե որ տարրն է տվյալ շրջանում առկա և ինչէ աճեցվում, պատկերը փոխվում է: Օրինակ` ցինկի պարագայում ամենաշատ կլանելու հատկություն ունի խաղողը, սնդիկի դեպքում` արմատապալարապտուղները: Հետևաբար` այն վայրերում, որտեղ հողերն աղտոտված են ցինկով, պետք է խուսափել խաղող աճեցնելուց, որտեղ սնդիկով` պալարապտուղներ: Սյունիքի մարզում, ավելի կոնկրետ` Արծվանիկի պոչամբարին հարակից տարածքում, ռիսկը տարբեր հատվածներում տարբեր է: Պոչամբարի մոտ հատապտուղներ են աճեցվում, որոնք մարդիկ հավաքում և շուկայում վաճառում են: Այդ հատապտուղներն աղտոտված են ծանր մետաղներով` պղնձով, քրոմով,մոլիբդենով, կապարով, սնդիկով և այլն: Այստեղ կարելի է աճեցնել, օրինակ, մրգեր»:

Եթե Սյունիքում միրգը համարվում է ամենաքիչ ռիսկայինը, ապա Ախթալայում, ընդհակառակը` մրգերն ամենաշատն են աղտոտվում ծանր մետաղներով: Այստեղ աճեցվող եզակի անվտանգ մթերքները սոխն ու սխտորն են: Ի դեպ, պարզվում է` գլուխ սոխն ու սխտորը ծանր մետաղներ ընդհանրապես չեն կլանում` անգամ պոչամբարի վրա աճեցնելու դեպքում: Իսկ առհասարակ, ծանր մետաղների կլանողության հատկանիշով բանջարեղենն առաջ է անցնում մրգերից:

Հանքարդյունաբերական թափոնը հողահանդակների աղտոտման միակ վտանգավոր ու երկարաժամկետ ազդեցություն ունեցող աղբյուրը չի. արգելված թունաքիմիկատների` պեստիցիդների հետքեր, կենտրոնի մասնագետները գտել են ՀՀ տարբեր մարզերում: Սկզբում կարծելով, թե դա ընդամենը պատմական աղտոտվածություն է, կենտրոնի աշխատակիցները հետո պարզել են, որ մեր օրերում էլ մարդիկ գաղտնի պահում և տարբեր հիվանդությունների դեպքում ոչխարներին լողացնում են դրանով: Այդ թունաքիմիկատով ՀՀ հողերի աղտոտվածության ամբողջական պատկերը շուտով պատրաստ կլինի:

Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, սակայն, թերահավատ է, որ թե այս և թե սննդամթերքի շուկայում առկա ու վեր հանված մյուս խնդիրները հեշտ լուծելի են: Նրա խորին համոզմամբ` քանի դեռ տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը չի ներդրել օրենքով պարտադիր անվտանգության համակարգ, իսկ հայ սպառողը տեր չի կանգնում իր իրավունքներին, խնդիրները կլինեն ու կլինեն:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում