Ռումինիայում կանցկացվի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հնգօրյա համախմբում-ճամբարը

Ս. Աստվածամոր Վերափոխման տոնի առթիվ Ռումինիայում օգոստոսի 9-14-ին կազմակերպվելու է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հնգօրյա համախմբում-ճամբար ՝ 16-րդ դարասկզբին Սուչավա քաղաքում հայերի կողմից հիմնված Ս. Հաճկատար վանքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, ճամբարին մասնակցելու են 33 երկրների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմերի հայ երիտասարդներ՝ առաջնորդների և հոգևոր հայրերի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, 2017թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր խորհրդի որոշմամբ 2018թ. հռչակվել է երիտասարդության տարի: 2017թ. փետրվարի 9-10-ին, Վիեննայի առաջնորդանիստ Ս.Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած ՀԵՀԵՄ Եվրոպայի առաջնորդաց և Հոգևոր հովիվների հանդիպման ժամանակ ՀԵՀԵՄ Եվրոպայի հոգևոր առաջնորդ ընտրված Ռումինահայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի նախաձեռնությամբ ու առաջարկությամբ, իբրև երիտասարդության տարվա նախապատրաստական կարևորագույն քայլ, որոշվեց այս տարվա օգոստոսի 9-14-ին Ռումինիայում կազմակերպել Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման(ՀԵՀԵՄ) հնգօրյա համախմբում-ճամբար:

ՀԵՀԵՄ ճամբարին մասնակցելու են Եվրոպայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 33 երկրների Հայոց Թեմերի 18-30 տարեկան շուրջ 150 երիտասարդներ, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևոր հայրեր: Հնգօրյա հավաքի ընթացքում տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդությունը, ռումինահայ երիտասարդների հետ միասնաբար, ուխտավորաբար այցելելու են Սուչավայի հայկական և ռումինական նշանավոր վանքերն ու եկեղեցիները, ծանոթանալու են Ռումինահայոց Թեմի կրոնական ու մշակութային պատմությանն ու թողած հսկայածավալ ժառանգությանը:

Այս կարևոր նախաձեռնության և ծրագրի նշանաբանն է՝ Եկեղեցի և ընտանիք կապը, փոխհարաբերությունը և արդի մարտահրավերները հատկապես երիտասարդ սերնդի կյանքից ներս: Ծրագրի հիմնական նպատակն է՝ Ա. Հայ երիտասարդությանը դաստիարակել կրոնական ու ավետարանական ոգով, քրիստոնեական ու բարոյական արժեքներով, բարձրացնել քրիստոնեական ընտանիքի և բարձրագույն արժեքների հանդեպ գիտակցության մակարդակը, ծանոթացնել քրիստոնեական եկեղեցու ավանդություններին ու խորհուրդներին, ներկայիս գերզարգացող ու գերժամանակակից աշխարհի մարտահրավերներին զուգահեռ օգնել երիտասարդությանը ճիշտ կողմնորոշվելու և ճշմարիտ հիմքերի վրա կառուցելու Աստված-մարդ, մարդ-մարդ, մարդ-տիեզերք հարաբերությունները: Բ. Առիթ և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդությանը այցելելու Եվրոպայի և աշխարհի հնագույն հայ գաղթավայրերից մեկը, ուր շուրջ 1000 տարի առաջ հաստատվել են հայ ժողովրդի զավակները, նախադեպ ստեղծել առավել լայն համագործակցության համար՝ միմյանց ճանաչելու ևավելի եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար: Գ. Եռօրյա հավաքի ընթացքում հնարավորություն տալ տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդությանը, ռումինահայ երիտասարդների հետ միասնաբար, ուխտավորաբար այցելելու Սուչավայի, Բոտոշանի և տարածաշրջանի հայկական և ռումինական նշանավոր վանքերն ու եկեղեցիները, ծանոթանալու են ռումինահայ գաղութի պատմությանն ու թողած հսկայածավալ ժառանգությանը, ռումին մշակույթին ու ճարտարապետական առանձնահատկություններին: Տեղի են ունենալու քարոզներ, բանախոսություններ, դասախոսություններ ու քննարկումներ մի շարք թեմաներով՝ «Ահաւասիկ Գառն Աստուծոյ», «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ, նրանց մեջ եմ», «Բազումք են կոչեցեալք, սակաւք են ընտրեալք», «Ուխտագնացությունը հայ հավատացյալի կյանքի մեջ», «21-րդ դարի հայ եկեղեցասեր երիտասարդության մարտահրավերները»,«Սուրբ Պատարագը Ծիսական Աստուածաբանության համատեքստում», «Ընտանիքի դերը Ս. Պատարագի մասնակցության մեջ», «Հայերը Ռումինիայի մեջ» և այլն: Հնգօրյա հավաքն իրականացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Ռումինիայի Հայոց Թեմի նախաձեռնությամբ, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի աջակցությամբ ու նախագահությամբ, Ռումին պետության բարերարությամբ ու հովանավորությամբ, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց Թեմի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում