Դադիվանքում մեկնարկած պեղումները հետաքրքիր բացահայտումներ են խոստանում

Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթավոր եկեղեցու վերականգման նախագծի շրջանակներում մեկնարկել են հնագիտական պեղումները, որոնք կտեւեն տասը օր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ Դադիվանքը 2007 թվականից հատվածաբար ենթարկվել է պեղումների, բայց այն հնագիտորեն մնում է չհետազոտված:

«Ճարտարապետորեն բավական հետաքրքիր փոքր գմբեթավոր եկեղեցու հարավային պատը ճեղքեր է տվել, եւ վերանորոգման համար անհրաժեշտ էր նորից ստուգել հիմքերը: Հետազոտման աշխատանքների արդյունքում հենց այդ նույն հարավային պատի տակ բացվել է մի գետնուղի, որը ձգվում է ամբողջ պատի երկարությամբ: Մենք հիմա դա ենք պեղում եւ առայժմ հստակ չենք կողմնորոշվում, թե դա ինչ է իրենից ներկայացնում»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե այս փուլում պարզ չդառնա ամեն ինչ, հնագետները կմտածեն այդ տարածքում կրկնակի պեղումներ իրականացնելու մասին:

Նա հայտնեց, որ Դադիվանքի համալիրում դեռեւս փոքր հնագիտական արշավախումբ է աշխատում՝ Տատյանա Վարդանեսովան, Համլետ Պետրոսյանը եւ Դադիվանքի վերականգնողական աշխատանքների հեղինակ ու ճարտարապետն Սամվել Այվազյանը:

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:

Դադիվանքն Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):

Դարերի ընթացքում արաբական, ապա սելջուկյան արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։

XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։

Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII – XIII դարերի դեպքերի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում