Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի ևս մեկ զույգ է ձերբակալվել

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի ևս մեկ զույգ է ձերբակալվել

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գերմանացի ևս մեկ զույգ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Սեպտեմբերի 10-ին ձերբակալվածներից մեկը երկրից չբացակայելու պայմանով ազատ է արձակվել, սակայն մյուսը շարունակում է գտնվել անազատության մեջ:

Խնդրի առնչությամբ խոսել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, ով ևս մեկ անգամ նախազգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող քաղաքացիներին: «Դա կարող է պատահել Թուրքիա մեկնել պատրաստվող ցանկացած անձի գլխին: Սա ցավալի իրականություն է»,– ասել է խոսնակը:

Գերմանիայի ԱԳ նախարարության տվյալներով՝ Թուրքիայում ձերբակալված է այդ երկրի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը ձերբակալված են քաղաքական շարժառիթներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում