Մերկելը ԵՄ-ի բոլոր երկրների անցումը եվրոյի չի համարում ուժեղ համագործակցության գրավականը

Մերկելը ԵՄ-ի բոլոր երկրների անցումը եվրոյի չի համարում ուժեղ համագործակցության գրավականը

Եվրամիության բոլոր երկրների անցումը եվրոյի չի երաշխավորում համագործակցության տնտեսական կայունությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Արժույթը կարեւոր է, բայց այն չի կարող երաշխավորել, որ մենք Եվրոպայում ուժեղ կլինենք»,-ասել է նա: Ընդսմին Մերկելն ընդգծել է, որ արժութային քաղաքականությունը պետք Է կապակցվի տնտեսականի հետ: «Բայց տնտեսական քաղաքականությունը մեզանում միատարր չէ»,-արձանագրել է Մերկելը:

Մեկնաբանելով ԵՄ-ի բոլոր երկրների՝ եվրոյին անցնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած հայտարարությունը՝ կանցլերն ասել է. «Մեզ համար կարեւոր է, որ առաջվա պես կատարվեն եվրոգոտու ընդլայնման չափանիշները»: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը մերժել են եվրոգոտու ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած առաջարկությունը: Քեռնի խոսքով՝ նախքան արեւելաեվրոպական երկրների ֆիրմաների միջոցով հարկերից խուսափման սխեմայի վերացումը նման բարենորուգումը ոչ մի իմաստ չունի:

Քեռնը հավելել է, որ միասնական արժույթի շրջանառության ընդլայնման դեպքում նման բնույթի արդեն գոյություն ունեցող խնդիրները միայն կսաստկանան: Կանցլերը կարծում է, որ փոփոխությունների հայեցակարգը մտածված չէ:

Իր հերթին, Սեբաստյան Կուրցը բերել է Հունաստանի օրինակը, որը եվրոգոտի մտավ առանց անհրաժեշտ բոլոր ֆինանսատնտեսական ստանդարտների: Նրա խոսքով՝ հետագայում նման իրավիճակից անհրաժեշտ է խուսափել:

Եվրոգոտին այս պահին ներառում Է 19 երկիր: Եվրամիության եւս 9 պետություններ (Սեծ Բրիտանիան, Շվեդիան, Դանիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան եւ Խորվաթիան ) արժութային միության մեջ չեն մտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում