Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան

Հայաստանը 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն է, ամուր կանգնած` Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության: Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մոտեցումը: Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա: Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել: Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց վարչապետը:

Նրա խոսքով, մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»։

Նա նշեց, որ այս ճանապարհին պետք է լինել ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվել բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատել թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվել հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատել թերությունները, լավատեսորեն նայել առաջ, տրամադրվել և համառ գործել:

Մեր զարգացման և բարեփոխումների գործընթացի մեջ ուղիղ և անմիջական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուրս, անկախ քաղաքացիությունից, կացությունից, մասնագիտությունից և անկախ նրանից, թե քանի օր է անցկացնում Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ցանկություն ունեն մասնակից լինելու հայրենիքի ապագայի կառուցմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում