Հայաստանի զարգացման հիմնադրամը պատվավոր ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ- ում

Ալեք Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվո ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում. այս մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի և Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի միջև։ Պատվո ներկայացուցիչն անձնապես և աշխարհի 14 երկրում ներկայացված առևտրային ցանցի միջոցով կնպաստի հայկական արտադրանքի արտահանմանը, տարածմանն ու կանոնակարգված վաճառքին։ 

ՀԶՀ առաջին պատվո ներկայացուցիչը նպատակ է դրել դյուրացնել հայաստանյան արտադրողի գործը։ Կկազմակերպվի նաև փոքր արտադրողների ապրանքների միասնական արտահանումը՝ բեռնափոխադրման ինքնարժեքը նվազեցնելու, անհրաժեշտ քանակ ապահովելու և միջազգային շուկայում խոշոր գնորդների հետ գործարքներ կնքելու նպատակով։

«Մեր անելիքն այն պետք է լինի, որ աջակցենք կառավարության ջանքերին, կարողանանք ապրանքի որակը և քանակը համապատասխանեցնել օտարերկրյա մեծ ընկերությունների պատվերներին, որ փոքր արտադրողները նույնպես արտահանում ունենան։ Կարևոր անելիքներ ունենք նաև ՏՏ ոլորտում»,- նշել է ՀԶՀ նորանշանակ պատվավոր ներկայացուցիչ Ալեք Բաղդասարյանը։

«Ալեք Բաղդասարյանը մեր առաջին պատվո ներկայացուցիչն է, շատ ուրախ եմ, որ համաձայնեց միանալ մեր թիմին։ Պարոն Բաղդասարյանը շատ առաջադեմ մտքերի տեր մարդ է, որը պատրաստ է մեզ օգնել՝ Հայաստանի ուղերձը միասնական ձայնով բիզնես աշխարհին հասցնելու»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

ՀԶՀ ներկայացուցիչների ընդլայնվող ցանցն արդեն 12 ներկայացուցիչ է ընդգրկում տարբեր երկրներում։ Նրանց բոլորի առջև արտահանման խթանման և ներդրումների ներգրավման խնդիր է դրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում